ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինայի իրադրության կարգավորմանն ուղղված Չինաստանի խաղաղ ծրագիրը Մոսկվայի մոտ հարգանք է առաջացնում, իսկ Արևմուտքին նյարդայնացնում է: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նախօրեին չինական նախաձեռնությունը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ոչ պաշտոնական բանակցություններում։
«Արևմուտքին (Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի ծրագիրը) նյարդայնացնում է, իսկ Մոսկվայում հարգանք է առաջացնում», -ասել է Ուշակովը:
Նա նաև պատմել է, որ պետությունների ղեկավարների՝ մարտի 20-ին կայացած ոչ պաշտոնական բանակցությունները շատ հանգամանալից և տևական են եղել. «Զրույցն օգտակար էր երկու կողմերի համար»։
Կիևը վերջերս քննադատել է Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղ ծրագիրը։ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ «դրանում մանրամասներ չկան, հավասարակշռված տրամաբանություն չկա»։
Չինաստանի առաջնորդը Մոսկվա է ժամանել նախօրեին՝ մարտի 20-ին, պետական այցը կտևի մինչև մարտի 22-ը։ Սա Սի Ծինփինի առաջին արտասահմանյան այցն է պետության ղեկավարի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: