ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն հնարավորություն կունենա իր հայեցողությամբ նրան ուղարկել արձակուրդի: Նման փոփոխություն է առաջարկվում իրականացնել աշխատանքային օրենսգրքում. ԱԺ–ում փոփոխությունների փաթեթը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
«Այժմ աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Առաջարկում ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է աշխատողն արձակուրդ ստանալ»,-ասաց նա:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ փոփոխություններով սահմանվում է նաև, որ քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: Այսինքն` կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է օրենսգրքից:
Նախագծով առաջարկում են նաև, որ հաստիքների կրճատման դեպքում ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրած մարդիկ չպետք է ընկնեն։
Միաժամանակ, առաջարկվում է ուսումնական արձակուրդ հասկացությունը սահմանել։ Ըստ այդմ, քաղաքացուն 2 տարի արձակուրդ կտրվի արտերկրում սովորելու, վերապատրաստվելու համար։