ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել, սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
«Իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհի, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է: Այսօր` ժամը 17:00-ին, ՔՊ խմբակցության անդամները կհանդիպեն ՄԻՊ թեկնածուի հետ, սակայն հաշված թվով պատգամավորներ գիտեն, թե ով է թեկնածուն»,–գրում է կայքը։
Լրատվամիջոցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ո՛չ հաստատել են, ո՛չ էլ հերքել լուրը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։