ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ–ում գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Տեղեկությունը հայտնում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը:
Այսուհետ մինչև 12,5 քմ մակերեսով գերեզմանի խնամքի ծառայությունը՝ վերգերեզմանային կառույցների մեկանգամյա մաքրումը, կարժենա 3000 դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում շաբաթական երկու անգամ մաքրումը` 50․000 ՀՀ դրամ։
«1x2,5-ից մինչև 3x2,5 մետր և 4x2,5-ից մինչև 5x2,5 մետր չափերով գերեզմանափոսի փորման աշխատանքները բազալտեգրունտային հատվածներում տեխնիկայի միջոցով մինչև 4 ժամ տևողությամբ կատարվող աշխատանքի դիմաց, պայմանավորված գերեզմանի ռելիեֆով կարժենա 90,000 ՀՀ դրամ կամ 130․000 ՀՀ դրամ, իսկ տեխնիկայի միջոցով 4 ժամից ավել տևողությամբ կատարվող աշխատանքի յուրաքանչյուր 1 ժամի համար քաղաքացին կվճարի հավելյալ 30․000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը առաջարկում է նաև գերեզմանափոսից դուրս բերված հողը քարերից մաքրելու, քարերը հատկացված գերեզմանատնից դուրս բերելու ծառայություն։
Հետևաբար 1x2,5 մինչև 3x2,5 մետրի վրա կատարված աշխատանքների դիմաց քաղաքացին կվճարի 45․000 ՀՀ դրամ , իսկ 4x2,5 և 5x2,5 մետրի վրա իրականացված աշխատանքների դիմաց՝ 65․000 ՀՀ դրամ։