ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այս տարի գարնանային գիշերահավասարը սկսվել է մարտի 20-ին ժամը 21:25-ին։ Հայաստանում` մարտի 21-ին ժամը 01:25-ին։ Այդ օրվանից սկսվում է աստղագիտական գարունը, և ցերեկը երկարում է։
Գիշերահավասարի ժամանակ Արևն իր ամենամյա ցիկլի ընթացքում հատում է երկնային հասարակածը, որի հարթությունը համընկնում է երկրային հասարակածի հարթության հետ։ Այլ կերպ ասած, գիշերահավասարի օրը Արևը, շարժվելով արեգակնածրով, երկնոլորտում հարավային կիսագնդից անցնում էհյուսիսային։ Ամբողջ մոլորակի վրա, բացառությամբ մերձբևեռային շրջանների, այդ օրը ցերեկվաև գիշերվա տևողությունը գրեթե հավասարվում է։
Աստղագիտական այդ իրադարձությունը տեղի է ունենում տարին երկու անգամ` մարտին և սեպտեմբերին (հստակ օրեր չկան, այն կարող է մեկ–երկու օրվա շեղում ունենալ)։ Երկնային հասարակածի և արեգակնածրի հատման կետն էլ հենց կոչվում է գիշերահավասարի օր։ Եթե գարնանային գիշերահավասարի կետում Արևը երկնոլորտի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ապա աշնանային գիշերահավասարի կետում` հյուսիսայինից` հարավային։
Այդ օրերին Արևը հավասարապես լուսավորում է մոլորակի երկու կիսագնդերը` մոտավորապես 12 ժամ գտնվելով հորիզոնի վերևում և ներքևում։
Վերջին անգամ XXI դարում գարնանային գիշերահավասարը եղել է 2007 թվականի մարտի 21-ին, հետագայում այդ հազարամյակում այն եղել է մարտի 20-ին կամ նույնիսկ մարտի 19-ին։
Գարնան գալուստը նշում են աշխարհի մի շարք ժողովուրդներ, բազմաթիվ երկրներում փառատոներ և տոներ են անցկացվում։ Իսկ հնում գարնանային գիշերահավասարին սուրբ նշանակություն էին տալիս։
Այսպես,օրինակ, ընդունված էր, որ այս օրը չի կարելի զայրանալ, կռվել, հարաբերություններ պարզել։ Ծնողները չպետք է բարկանային երեխաների վրա։ Այս օրը չպետք է նաև մտածել վատի մասին և հուսալքվել։ Մեր նախնիները կարծում էին, որ որքան ուրախ անցկացնեն գարնանային գիշերահավասարի օրը, այնքան պայծառ կլինի ողջ տարին։