Ո՞ր երկիրը կարող է ստանալ ռուսաստանցիների ներդրումային «քաղցրաբլիթը»

Sputnik
Ռուսաստանցիները պատրաստ են ավելի ու ավելի շատ խնայողություններ ներդնել արտասահմանում, ու Հայաստանն այն երկրներից է, որտեղ նրանք կարող են դա անել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում։ Բայց այս ոլորտում լուրջ մրցակցություն կա։ Այս պայմաններում ի՞նչ պետք է անեն բիզնեսն ու պետությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին՝ Հայաստանի արժեթղթերը կայուն ու գրավիչ են մնում։ Տեղեկությունը հայտնեց «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային ընկերությունում Ռուսաստանի և ԱՊՀ-ի գծով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը Երևանում Cbonds համաժողովի ժամանակ, որը նվիրված էր կապիտալի շուկաների զարգացմանը։
Հայաստանում, ինչպես և հարևան Վրաստանում, տնտեսությունը զգալիորեն աճել է, իսկ հարկերի լրացուցիչ ներհոսքը խելամտորեն է օգտագործվել. նվազել է բյուջեի դեֆիցիտը և կրճատվել է պետական պարտքը։
Հայաստանի Կենտրոնական բանկը սահմանափակել է գնաճը և աշխարհում գրեթե առաջինը՝ դեռ 2020 թվականի վերջին, սկսել է բարձրացնել տոկոսադրույքները։ Դրա շնորհիվ երկրին հաջողվել է սահմանափակել գնաճը, որն առաջացել է պարենի համաշխարհային գների աճի, ինչպես նաև այցելող ռուսաստանցիներից միջոցների ներհոսքի պատճառով։ Հայկական դրամը նույնպես կայունություն է ցույց տալիս ռուսական ռուբլու նկատմամբ (վերջին 10 տարում այն մոտ 50%-ով ամրապնդվել է ռուբլու նկատմամբ)։ Այսպիսով, փորձագետն ավելացրեց, որ չնայած համավարակին և աճող աշխարհաքաղաքական ռիսկերին, շուկան կայուն է մնում:
Խոչընդոտների թվում են որոշ տեխնիկական դժվարություններն արժեթղթեր գնելիս, ինչը կապված է երկու երկրների արժեթղթերի պահառուների միջև անբավարար հաղորդակցության հետ: Նաև համակարգային խնդիր կա՝ հայկական շուկան փոքր է և ոչ միշտ է իրացվելի, այսինքն՝ դրա արժեթղթերը միշտ չէ, որ կարելի է արագ վաճառել։
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանը դժվարություններ ունի. Քերոբյան
Դոնեցը նշեց, որ մնացած բոլոր ցուցանիշներով Հայաստանը լավ է դիրք ունի «ներդրումային» այլ երկրների շարքում. շուկայում բավականին բարձր եկամտաբերություն կա, արժույթը համեմատաբար կայուն է, իսկ դրա փոխարժեքը ձևավորող գործոնները հասկանալի են ու երկարաժամկետ:
Այլ հնարավոր շուկաները, իհարկե, ավելի մեծ են, բայց առանձնահատկություններ ունեն։ Թուրքիայի շուկան անկանխատեսելի է և շատ է տատանվում։ Չինաստանում, իր բոլոր առավելություններով հանդերձ, վերահսկողության բարդ համակարգ կա, արժեթղթերի տոկոսադրույքները համեմատաբար ցածր են, դրանցից ոչ բոլորն է հնարավոր ձեռք բերել: Բացի այդ, Նահանգների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման դեպքում կան տուրբուլենտության ռիսկեր, և այդ ռիսկերը գնահատելը դժվար է տեղեկատվության պակասի պատճառով:
Էմիրությունները նույնպես ունեն իրենց առավելությունները, բայց ԱՄԷ-ի դիրհամը կապված է դոլարի հետ: Ուստի ներդրումները Էմիրություններում, ինչպես Հոնկոնգում, չեն թողնում դիվերսիֆիկացնել ռիսկերը, այսինքն՝ խուսափել դոլարի փոխարժեքի ռիսկերից։
Ղազախստանը նույնպես լավ ուղղություն է. այնտեղ կան բարձր եկամտաբերություն, կայուն տնտեսական աճ, կայուն պարտատոմսեր։ Բացի այդ, դա մշակութային մոտ երկիր է, որտեղ ռուսաստանցիների համար ավելի հեշտ է հասկանալ և գնահատել իրավիճակը։ Հարցն այն է, որ տենգեի վրա, ինչպես ռուբլու վրա, բավականին ուժեղ են ազդում նավթի գները։ Հետևաբար, եթե խնայողությունները պահեք ռուբլով և տենգեով, նավթի շուկայի տատանումներից հնարավոր է կրկնակի տուժել:
Վերջին տարիներին ռուսները սկսել են ավելի շատ ներդրումներ անել արևմտյան արժեթղթերում։ ԱՊՀ շուկաների նկատմամբ հետաքրքրությունն ավելի քիչ էր։ Վերջին տարվա ընթացքում, հասկանալի պատճառներով, այդ հետաքրքրությունն աճել է։
Ավելի շատ ռուսական կապիտալ կարող է գալ մերձավոր արտերկրի, ինչպես նաև նշված հեռավոր շուկաներ երկու պատճառով. նախ՝ ռուսաստանցիներին ավելի քիչ հնարավորություն է մնացել արտասահմանում ներդրումների համար։ Երկրորդը՝ դրանց ծավալը առաջիկա տարիներին ժողովրդագրական պատճառներով կաճի։
Ռուսաստանում ծերացող հասարակություն ու նեղացող տարիքային բուրգ է, բայց դրա վրա կա մեծ «քաղցրաբլիթ»՝ խորհրդային վերջին սերունդը, որը ծնվել է 90-ականների ժողովրդագրական փոսից առաջ։ Նրանք սկսում են հասնել այն տարիքին, երբ արդեն բավականաչափ խնայողություններ են կուտակել և ուղիներ են փնտրում դրանք շահավետ «տեղավորելու» համար։ Հայկական ընկերությունները նույնպես կարող են փորձել ներգրավել այդ ռեսուրսները։
Ուղղակի ներդրումները Հայաստանում ավելացել են, կեսից ավելին Ռուսաստանից են
«Այստեղ հնարավորություններ պետք է ստեղծել։ Չի կարելի ասել՝ «Դեռ ֆոնդային բորսա դուրս չեմ գալ, նախ նայեմ, թե քանի ռուսաստանցի է ուզում գնել իմ թղթերը»։ Անհրաժեշտ է նոր ներդրողների ներգրավման, ռիսկերի դիվերսիֆիկացման մոտիվացիա ստեղծել», - ավելացրեց Դոնեցը։
Այսպես թե այնպես, այդ միջոցների համար լուրջ մրցակցություն կլինի. և՛ Ղազախստանը, և՛ Ուզբեկստանը հայտարարում են, որ կարող են տարածաշրջանային ֆինանսական հանգույց դառնալ։ Դոնեցն ամփոփեց՝ Հայաստանն ունի իր առավելությունները, որոնցից պետությունն ու բիզնեսը կարող են օգտվել ակտիվություն ցուցաբերելով։