Վերջին մոլոկանները. ինչպես են ապրում Կոնովալով ամուսինները և մյուս ճամբարակցիները սահմանին

Ճամբարակում 2 մոլոկան են մնացել՝ Կոնովալով ամուսինները։ Նրանց ու սահմանամերձ քաղաքի այլ բնակիչների հետ հանդիպել է Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը։
Sputnik
Նախկին Կրասնոսելսկը` այժմյան սահմանամերձ Ճամբարակը (Ադրբեջանի հետ սահմանի հատվածը մոտ 52 կմ է), ժամանակին գյուղ էր, որը գրեթե ամբողջությամբ բնակեցված էր մոլոկաններով։ Նրանց նախնիները Ռուսաստանից տեղափոխվել են 1740-ական թվականներից՝ Եկատերինա Երկրորդի ժամանակներից, 1800-ական թվականներից այստեղ են տեղափոխվել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի հայ ընտանիքներ, և Ճամբարակը սկսել է ընդլայնվել։
Ճամբարակ
Այսօր խոշորացված Ճամբարակ համայնքում (նախկին Կրասնոսելսկի շրջանը 15 բնակավայրերով և բուն Ճամբարակ քաղաքը) ապրում է 15 հազարից ավելի մարդ։ Մինչև 1988-1989 թվականներն այդ շրջանում ապրում էին հայեր, ռուս մոլոկաններ, ադրբեջանցիներ, քրդեր, մոլդովացիներ։ Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբում ադրբեջանիցների հեռանալուց հետո Ճամբարակ քաղաքը վերաբնակեցվեց օկուպացված Արծվաշենից և Ադրբեջանի այլ շրջաններից փախստական հայերով։ Իսկ 1992-94 թվականների տնտեսական անկման պատճառով գրեթե ողջ մոլոկան բնակչությունից մնացին ընդամենը երկու մարդ՝ Մարիա և Վասիլի Կոնովալովները։
Вид на город Чамбарак
Ճամբարակը մաքուր, կոկիկ, խնամված քաղաք է։ Այստեղ կա ժամանակակից տեխնիկայով հագեցած բուժհաստատություն, գրադարան, մանկապարտեզներ, երաժշտական, սպորտային, արվեստի և հանրակրթական դպրոցներ։ Վերջերս այստեղ ստեղծվեց «Թումո» կենտրոնը, որը լավ հեռանկարներ է բացում տեղի երեխաների համար տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստագործական կրթության ոլորտներում։ Սակայն, ինչպես նշում է Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, քաղաքն այնքան էլ գրավիչ չէ ներդրողների և զարգացման համար, քանի որ սահմանակից է Ադրբեջանին և ամեն րոպե վտանգի տակ է։
Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյան
Քաղաքը գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության տակ. նրանից բաժանում է մոտ 1.5 կմ։ Կան բնակավայրեր, որտեղ դպրոցն օրինակ, 800 մետր հեռավորության վրա է հակառակորդից։
«Մարդիկ մի կտոր հաց են վաստակում հողագործությամբ ու անասնապահությամբ, ապրում ու արարում են հայրենի հողի վրա, երեխաներ են ծնում, մեծացնում, կրթում ու դաստիարակում ապագա զինվորներին, պաշտպանում մեր երկիրը։ Մեզ համար ամենաարժեքավորը հայրենիքն է։ Մենք երբեք չենք կորցնում սիրտը. ապրում ենք այս հողի տիրոջ իրավունքով։ Մենք մտահոգված ենք անվտանգային հարցերով, որոնք, ելնելով մեր աշխարհագրական դիրքից, արդիական են։ Բայց մենք մեր հույսը դրել ենք սահմանների պահապանների վրա»,–ասում է Օհանյանը։
Նա նշում է, որ իրենց ներսում ձևավորվել են աշխարհազորային ջոկատներ, յուրաքանչյուր համայնքում կան արագ արձագանքման խմբեր։ Նրա խոսքով` իրավիճակը, ցավոք, հասել է նրան, որ ինքնուրույն, սեփական բանակով հնարավոր չէ ապահովել երկրի պաշտպանությունը, քանի որ հայտնի է, թե ինչ հարևաններով ենք շրջապատված և ինչ զինանոց ունեն նրանք։
«Մենք մեր մտածելակերպով, ազգային գիտակցությամբ, մշակույթով շատ կապված ենք Ռուսաստանի հետ, և տեղի բնակչությունը վստահություն ունի, որ մեզ պաշտպանում է նաև ռուս զինվորը։ Արցախում այժմ 100 տոկոսով անվտանգությունն ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Դա էլ մեզ հույս է ներշնչում», - ասում է Ռոբերտ Օհանյանը ՝ հավելելով, որ Ռուսաստանից կտրվելը Հայաստանի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ։
Ճամբարակ
Իսկ քաղաքի հնաբնակներից Լյովա Սարգսյանը հիշում է խորհրդային տարիները, երբ Ճամբարակը ծաղկում էր։ Խարկովի «Իմպուլս» գործարանի մասնաճյուղը կար, ինչպես նաև գործարան, որտեղ արտադրում էին պանիր, թթվասեր, կարագ։ Բոլորն աշխատում էին, ոչ մի չզբաղված մարդ չկար։
Լյովա Սարգսյան
Հիմա դա անցյալում է, և մարդիկ (եթե զբաղված չեն պետական ծառայությամբ) իրենց ընտանիքները պահելու համար ստիպված են արտագնա աշխատանքի մեկնել այլ երկրներ։ Բայց տեղացիների համար ամենաարդիական խնդիրը անվտանգությունն է։
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը շրջապատված է վաղեմի թշնամիներով, որոնց նպատակը Մեծ Թուրանի ծրագիրն իրագործելն է և հայերի ոչնչացումը։ Ասեմ, որ գովելի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու` մեր իշխանությունների ցանկությունը։ Մենք ժամանակին իրար հետ հաշտ ապրել ենք՝ հայեր, ռուս մոլոկաններ, քրդեր, ադրբեջանցիներ, մորդվիններ, քանի որ խորհրդային տարիներին զսպող ուժ կար՝ ԽՍՀՄ-ը։ Իսկ այսօր նայելով մեր հարևանների գործողություններին, տեսնելով նրանց ռևանշիստական արձագանքները, տրամադրությունները, նույնիսկ 1% հավատ չկա նրանց նկատմամբ։ Մենք պատերազմ չենք ուզում և հույս ունենք մի ուժի, որը, որպես ավագ եղբայր, կկանգնի մեր թիկունքում, որպեսզի կարողանանք խաղաղ ապրել: Որպես այդպիսի ուժ ես տեսնում եմ Ռուսաստանը։ Ինչպես նախկինում է եղել այնպես էլ հիմա», - նշեց նա։
Ճամբարակ
Մեծ դժվարությամբ հնարավոր եղավ գտնել և զրուցել վերջին երկու մոլոկանների՝ Վասիլի և Մարիա Կոնովալովների հետ։ Հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ խոսում են հայկական առոգանությամբ։ Մարիա Կոնովալովան պատմում է, որ մոլոկանները սկսել են հեռանալ հայ-ադրբեջանական առաջին հակամարտության սկզբից։
«Ռմբակոծեցին մեզ, մարդիկ վախեցան ու հեռացան։ Բայց ամռանը նախկին բնակիչներից գալիս են այստեղ՝ քաղաքը տեսնելու, գերեզմանոցներ այցելելու։ Այստեղից հեռացած մոլոկանները հաստատվել են Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլում, Վորոնեժում և Ռուսաստանի այլ մարզերում, հեռավոր արտերկրում»,–ասաց տիկին Մարիան։
Վասիլի և Մարիա Կոնովալովները
Վասիլի Միխայլովիչն էլ նշեց, որ իրենք չեն հեռացել, քանի որ այդտեղ թաղված են և՛ իր, և՛ կնոջ ծնողները, արդեն մի քանի տարի է` նաև իրենց որդին է մահացել։
«Որտեղ ենք գնալու, եթե մեր ծնողներն ու որդին այստեղ են: Ես և կինս թոշակառու ենք, դա բավարար չէ։ Դժվար է, բայց մենք դուրս չենք գալիս: Մենք ինչպես խորհրդային տարիներին ապրել ենք, այնպես էլ ապրում ենք», -նշում է Վասիլի Միխայլովիչը։
Ամուսինը նշում է՝ մոլոկանները չեն միջամտում քաղաքականությանը, սակայն Վասիլի Կոնովալովն իր կարծիքնունի աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Պատերազմը կավարտվի, Ամերիկան ընդունում է, որ աշխարհի ամենաուժեղ երկիրը Ռուսաստանն է և բոլոր հանրապետությունները կմիանան Ռուսաստանին և կապրեն ինչպես նախկինում։ Պատերազմ այլևս չի լինելու. դա ժամանակավոր է, համբերություն է պետք։ Ամեն ինչ կանցնի։ Պետք է հավատալ։Հավատալ Աստծուն»,–ասում է Վասիլին:
Հրաժեշտի ժամանակ Վասիլի Միխայլովիչը մոտեցավ և շշնջաց, որ Հայաստանն ավետյաց երկիր է և այս փորձությունները ժամանակավոր են` հույս հայտնելով, որ նորից խաղաղություն կգա։
Ճամբարակ