Թուրքիայի սահմանի բացումը ՀՀ–ի տնտեսության համար վտանգ չէ, այլ հնարավորություն. Քերոբյան

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Թուրքիայում պահանջված են հայկական արտադրության սնունդը, տեքստիլ, ոսկերչական, ադամանդագործական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների արտադրանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա։
«Թուրքիայի հետ սահմանը ներմուծման առումով վաղուց արդեն բաց է։ Թուրքական արտադրողները Հայաստանում իրենց ապրանքը իրացնելու որևէ խնդիր չունեն, և դա անում են վաղուց։ Այլ բան է, որ հայկական ընկերությունները թուրքական շուկայի հասանելիություն դեռևս չունեն, և մենք վստահ ենք, որ սահմանի բացումը ավելի շատ հնարավորություն է, քան վտանգ»,– ասաց Քերոբյանը։
Բայց այդ հնարավորությունից օգտվելու համար, նրա դիտարկմամբ, հայկական ընկերությունները պետք է կարողանան հասցնել բարձրացնել իրենց արտադրողականությունն ու արդյունավետությունը։
«Լինել անգրագետ, կներեք, կոպիտ արտահայտությանս համար, լինել ցածր արտադրողականությամբ և հուսալ, որ կառավարությունը պետք է արհեստական պատնեշներով պաշտպանի իրենց, չի կարելի։ Դա անբնական է, և, եթե այդպես ենք անում, ապա վնասում ենք սպառողների շահերը»,– ասաց Քերոբյանը` արձագանքելով թուրքական ապրանքների, հատկապես գյուղմթերքի ցածր ինքնարժեքի մասին մեր դիտարկմանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև շեշտեց, որ կառավարությունը հայաստանյան գյուղատնտեսական ընկերություններից թուրքական էժան գյուղմթերքի ներկրման վերաբերյալ ոչ մի մտահոգություն չի ստացել։
Հարցին, թե Հայաստանն ինչ կարող է արտահանել Թուրքիա, Քերոբյանը պատասխանեց, որ Թուրքիայում պահանջարկ վայելող ոլորտները շատ են` սնունդ, տեքստիլ, ոսկերչություն, ադամանդագործություն ու նաև բարձր տեխնոլոգիաներ։
«Համարյա բոլոր ոլորտերում էլ ունենք առաջարկելու ապրանքներ։ Իսկ որոշ կատեգորիաներում մենք նաև ունենք ընկերություններ, որոնք աշխարհում են առաջատար»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը չբացառեց նաև հայկական առողջապահական ծառայությունների պահանջարկը Թուրքիայի քաղաքացիների շրջանում ու նաև առողջապահական տուրիզմի զարգացումը դեպի Հայաստան։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։