Սիրիան դժգոհել է, որ իրենց չեն հրավիրել Բրյուսելի խորհրդաժողովին

Դամասկոս
Եվրամիությունը շփում չունի գործող սիրիական կառավարության հետ, որի դեմ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Դամասկոսը դժգոհություն է հայտնում, որ Բրյուսելում խորհրդաժողով է տեղի ունեցել առանց Սիրիայի կառավարության հետ որևէ համակարգման և նրա ներկայացուցիչներին հրավիրելու: Ինչպես հաղորդում է SANA-ն, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի` երկրաշարժից տուժած շրջանների համար դրամահավաքի դոնորական խորհրդաժողովին։ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ երկրաշարժից հետո վերականգնվելու համար Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային և ավելի քան 100 միլիոն եվրո՝ Սիրիային:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը դժգոհություն է հայտնում, որ այսպես կոչված «Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու բրյուսելյան դոնորական խորհրդաժողովն» անցել է առանց Սիրիայի կառավարության հետ, համակարգման կամ մասնակցության հրավերի», -ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ուղերձում նշվում է, որ երկրաշարժից տուժածների կենսապայմանների նվազագույն բարելավումը պահանջում է առաջին հերթին քաղաքական անկեղծ կամք և սիրիացի ժողովրդի կոլեկտիվ պատժի քաղաքականության վերացում։
Եվրամիությունը շփումներ չունի գործող սիրիական կառավարության հետ, որի դեմ պատժամիջոցներ է սահմանել։ ԵՄ-ն սիրիացի փախստականներին օգնություն է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների միջոցով։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը չի ծրագրում չեղարկել պատժամիջոցները և մասնակցել Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնմանը, քանի դեռ Սիրիայի ղեկավարությունը չի փոխել իր քաղաքականությունը: