Սիրիայի ներկայացուցիչներին չեն կանչել Բրյուսել երկրաշարժից տուժածների աջակցման համաժողովին

Սիրիայի երկրաշարժի հետևանքները. Արխիվային լուսանկար
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ համաժողովին հրավիրված են շուրջ 60 պետությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել դոնորների կոնֆերանսի՝ Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը։
«Սիրիայի կառավարության ներկայացուցիչները չեն հրավիրվի, կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- ասել է եվրոպացի ներկայացուցիչը։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ համաժողովին հրավիրված են մոտ 60 պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրները, թեկնածու երկրները, հարևան պետությունները, G20-ի բոլոր ներկայացուցիչները, բացառությամբ Ռուսաստանի։ Մասնակցում են նաև Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի, մարդասիրական կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների անդամները:
«Համաժողովի նպատակն է միջազգային դոնորներից հավաքագրել առավելագույն հնարավոր գումարը և այդ միջոցները համակարգված օգտագործել տուժած տարածքների կարիքների համար», - ասաց ԵՄ ներկայացուցիչը։
Նախկինում ԶԼՄ-ները ԵՄ-ին քննադատում էին երկրաշարժից տուժած Սիրիային անբավարար օգնություն տրամադրելու համար, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականության պատճառով, ինչը դժվարացնում է մատակարարումները։
Եվրամիությունը պաշտոնական կապ չի պահպանում Սիրիայի ներկայիս կառավարության հետ, որի դեմ պատժամիջոցներ է սահմանել։ ԵՄ-ն օգնություն չի տրամադրում սիրիացի փախստականներին միջազգային կազմակերպությունների միջոցով։