Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման համար

Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահը չինական առաջատար «Ժենմին ժիբաո» պարբերականի համար հոդված է գրել, որը նվիրված է Չինաստանի առաջնորդի նախատեսված այցին Մոսկվա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանը բաց է ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար։ Տեղեկությունը նշված է Չինաստանի առաջատար տպագիր օրգան «Ժենմին ժիբաո» թերթում հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածում։ Հոդվածը նվիրված է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծզինփինի Մոսկվա նախատեսված պետական այցին, որը տեղի կունենա այսօր՝ մարտի 20-ին:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դեռ 2022 թվականի ապրիլին Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները դադարեցվել են, և ամենևին էլ ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այսօր խաղաղ գործընթացի ապագան կախված է բացառապես լուրջ զրույցի պատրաստակամությունից՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները։
Սի Ծինփինը 3-րդ անգամ է Չինաստանի նախագահ ընտրվել. երկրի պատմության մեջ նման դեպք չէր եղել
«Ցավոք, Ռուսաստանին ուղղված վերջնագրային պահանջները խոսում են միայն նման իրողություններից կտրվելու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու ոչ շահագրգռվածության մասին», - նշել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ Արևմուտքի կողմից հրահրված ու ջանասիրաբար շիկացրած ճգնաժամն Ուկրաինայում այսօրվա դրությամբ ամենավառ, բայց միջազգային ասպարեզում գերիշխանությունը և միաբևեռ աշխարհակարգը պահպանելու մտադրությունների ոչ միակ դրսևորումն է։
ՌԴ նախագահն արձանագրում է ՆԱՏՕ-ի ձգտումը իր գործունեությանը գլոբալ հասանելիություն հաղորդել՝ նպատակ ունենալով ներթափանցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Նրա խոսքով՝ որոշ ուժեր համառորեն ձգտում են համաեվրասիական տարածքը մասնատել «բացառիկ ակումբների» ու ռազմական բլոկների ցանցի, որոնք ուղղված են Ռուսաստանի և Չինաստանի զարգացումը զսպելուն, դրանց շահերի ոտնահարմանը, սակայն ոչ մեկին չի հաջողվի անել դա։
«Հենց ռուս-չինական հարաբերություններն են այսօր փաստացի հանդես գալիս որպես տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ կայունության անկյունաքար, խթանում են տնտեսական աճը, միջազգային գործերում դրական օրակարգի երաշխավոր են հանդիսանում։ Այդ հարաբերությունները մեծ տերությունների միջև ներդաշնակ ստեղծագործական համագործակցության օրինակ են», - գրում է ՌԴ նախագահը։
Ի տարբերություն գերիշխանության հավակնող և համաշխարհային ներդաշնակության մեջ տարաձայնություններ մտցնող որոշ երկրների՝ Ռուսաստանն ու Չինաստանը բառացիորեն և փոխաբերական իմաստով կամուրջներ են կառուցում։ Պուտինը հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ-ի ու ՉԺՀ-ի սահմանամերձ շրջանները միացրել են Ամուր գետի (որը վաղուց դարձել է «բարեկամության գետ») վրայով անցնող երկու կամրջային անցումները:
«Մոլորակի «ալիքների և քամիների» մեջ մենք սերտորեն համագործակցում ենք միջազգային գործերում և, ուս ուսի տված, «ինչպես ժայռը բուռն հոսքի մեջ», արդյունավետորեն համակարգում ենք արտաքին քաղաքական դիրքերը, պայքարում ենք ընդհանուր սպառնալիքների դեմ, արձագանքում ժամանակակից մարտահրավերներին։ Ակտիվորեն խթանում ենք այնպիսի ժողովրդավարական բազմակողմ կառույցներ, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը, որոնք դառնում են ավելի հեղինակավոր և ազդեցիկ, ձեռք են բերում նոր գործընկերներ և ընկերներ: Նույն նպատակին է ծառայում նաև Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շինարարության համակցման աշխատանքը», - ավելացրել է նա։
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է միջուկային սպառնալիքի գլխավոր աղբյուրն աշխարհում
Ռուսաստանն ու Չինաստանը համախոհ երկրների հետ համատեղ հետևողականորեն հանդես են գալիս ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին, որը հիմնված է միջազգային իրավունքի, այլ ոչ ոչ թե «ոսկե միլիարդի» կարիքները սպասարկող որոշ «կանոնների» վրա։
Պուտինը նաև երախտագիտություն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՉԺՀ-ի կշռադատված գծի, դրանց նախապատմությունն ու իրական պատճառները հասկանալու համար: Ռուսաստանը ողջունում է ճգնաժամի կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու Չինաստանի պատրաստակամությունը։