ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Բլինկենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին»,– ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։