ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի մասին բացառիկ մանրամասներով գիրք է գրել։ Այն կոչվում է «Մի կյանքից ավելի»։ Սարգսյանն այնպիսի տեղեկություններ է նշել գրքում, որոնք չգիտեն նույնիսկ նրան ճանաչողները։ Այս մասին քաղաքագետն ասաց լրագրողների հետ զրույցում։
Սուրեն Սարգսյանի գիրքը հոր անցած ուղու մասին
© Sputnik / Zara Mika
«Գիրքն իր հետ չեմ քննարկել։ Ավելին, գրքում ներկայացված որևէ տեղեկություն և փաստ իրենից չեմ ստացել։ Որոշ բաներ իմացել եմ իր ծառայակից ընկերներից, մի մասն էլ արխիվից, ընկերների ու ծանոթների հուշերից։ Ինքն այդքան էլ հանրային մարդ չէր, և կարծում եմ, որ առանձնապես ուրախ չէր լինի, որ իր կողմից իրականացված որոշ օպերացիաներ հրապարակվեն, քանի որ նա հատուկ ծառայությունում էր աշխատել։ Դա ամենևին օրենքի խախտում չէր լինի, ուղղակի ինքն էր համեստ մարդ»,– նշեց Սարգսյանը։
Սուրեն Սարգսյանը գրքում ընդգրկել է նաև Խորհրդային Միության տարիներին հոր իրականացրած գործողությունների մասին տեղեկությունները։ Օրինակ` Խորհրդային Հայաստանը շատ ակտիվ զբաղվել է աֆղանական ուղղությամբ, այնտեղ իրականացվող հատուկ օպերացիաներով։
Գրքի ստեղծման ժամանակ քաղաքագետի հետ կապ է հաստատել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և հրավիրել իր առանձնատուն, որտեղ էլ պատմել է Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու մասին։ Սա եղել է մինչև ՀՀ անկախացումը, ու Արմեն Սարգսյանն ակտիվ ներգրավված է եղել այդ օպերացիայում։ Շատ հարցեր ճշտել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, քանի որ իր հայրը գործունեություն ծավալել է նաև նրա նախագահության տարիներին։
Սարգսյանն ընդգծեց, որ այս գիրքը հրատարակելը կապ չունի այսօրվա իրողությունների հետ, բայց կարող է դասագիրք լինել շատերի համար, թե ինչպիսի սերունդ է ժամանակին աշխատել պետական և անվտանգության համակարգում։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` քաղաքագետը շեշտեց` դեռ շատ տեղեկություններ կան, որոնք այս պահին հնարավոր չէ հրապարակել և որոնք կարող են վնասել պետության շահերին կամ առանձին անհատներին։ Նրա կարծիքով` գիրքը պետք է update (թարմացված,– խմբ.) տարբերակ ունենա որոշ ժամանակ անց։
Սուրեն Սարգսյանի գրքի շնորհանդեսը
© Sputnik / Zara Mika
Արմեն Սարգսյանը 1982–91թթ ծառայել է ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում։ 1999-2002 թթ. եղել է Հայաստանի ռազմական կցորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, իսկ 2002-08թթ` ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդը։ 2008 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նա Հայաստանը ներկայացրել է նաև Վիետնամում, Սինգապուրում, Կորեայում, Բուլղարիայում։
Արմեն Սարգսյանը մահացել է 2022թ–ի ապրիլի 29–ին։ Նա ունի մեկ որդի, երկու դուստր և 6 թոռ։ Սարգսյանը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ավագ եղբայրն է։