Մերոնք ավելին կարող էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչը` Եվրոպայի առաջնության մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ու մարզիկներն ասուլիսին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ու մարզիկները խոսել են մրցումների և տպավորությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդհանուր առմամբ գոհ չէ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արդյունքներից, բայց կային քաշային կարգեր, որտեղ մեր ըմբիշները տվյալ պահին արել են հնարավորը։ Այս մասին Բաբալարյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը
«Գոհ չեմ արդյունքներից, որովհետև ոսկե մեդալ չկարողացանք նվաճել։ Եղան սխալներ, վրիպումներ ու դրանց վրա մենք իհարկե կաշխատենք։ Բայց այնպես չէ, որ մեր բոլոր ըմբիշներն էլ վատ են հանդես եկել։ Օրինակ` Կարապետ Մանվելյանը 55 կգ քաշային կարգում, իմ խորին համոզմամբ, պետք է հաղթեր։ Ի դեպ, Բուխարեստում մրցումների մեկնարկից առաջ Սուրեն Աղաջանյանը վնասվածք էր ստացել ու այդ պատճառով չի կարողացել ինչպես ունակ է գոտեմարտել։ Նման կարգի խնդիրներ ունեցել են նաև հավաքականի մի քանի այլ ըմբիշներ։ Բայց այս մրցումներն էլ հերթական անգամ մեզ սխալների վրա աշխատելու տարբերակներ տվեցին», – ասեց Բաբալարյանը։
Ըմբիշ Հովհաննես Հարությունյանը
Որոշ գոտեմարտերում մեր ըմբիշները, առաջատարի դիրքում լինելով, պարտվում էին մրցակցին վերջին վայրկյաններին։ Գլխավոր մարզչի կարծիքով` երբ վստահությունը վերածվում է ինքնավստահության, անմիջապես հետևում է պատիժը։ «Հաստատ կարող եմ ասել, որ մեր հավաքականը կարող էր առնվազն 2–3 մեդալ ավելին վաստակել, եթե մեր ըմբիշներն իրենց կենտրոնացումը պահպանեին մինչև վերջին վայրկյանը։ Մենք միշտ բացատրում ենք տղաներին, որ գոտեմարտը տևում է 6 րոպե, այլ ոչ թե 5 րոպե 55 վայրկյան», – ավելացրեց Բաբալարյանը։
Եվրոպայի առաջնությունում մեդալ վաստակած բոլոր ըմբիշներն էլ համակարծիք էին, որ իրոք կարող էին ավելի լավ արդյունքներ գրանցել։
Ըմբիշ Ալբերտ Վարդանյանը
Հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկանների հավաքականը այժմ մեր ազգային ընտրանու հետ շարունակելու է մարզվել։ Ու չի բացառվում, որ Եվրոպայի առաջիկա առաջնության ընթացքում մեր ազգային հավաքականի կազմում տեսնենք այս երիտասարդներից որևէ մեկին։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ` 1 արծաթե և 3 բրոնզե։ Թիմային հաշվարկում 30–ից ավելի երկրների մեջ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5–րդ տեղը։
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը