ՄԱԿ–ում արձագանքել են ՌԴ-ի` հացահատիկային գործարքի վերաբերյալ պահանջներին

ՄԱԿ
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե գործարքի պայմանների կատարման հարցում առաջընթաց չլինի, Մոսկվան կդադարեցնի իր մասնակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Պետք է ուսումնասիրել, թե ռուսական պահանջների իրականացման գործում ինչ առաջընթաց կարող է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը համաձայնել է հացահատիկային գործարքը երկարաձգել ոչ թե 120, այլ 60 օրով։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր` եթե «սևծովյան նախաձեռնության» պահանջների կատարման հարցում առաջընթաց չարձանագրվի, ՌԴ–ն կդադարեցնի իր մասնակցությունը։
«Մենք պետք է տեսնենք, թե ինչ առաջընթաց կարող է գրանցվել մի շարք հարցերի շուրջ», - ասել է Հաքը ՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ՄԱԿ-ը մայիսի կեսերին առաջընթաց գրանցել Ռուսաստանի կողմից բարձրացված հարցերի շուրջ:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։