Լուսաղբյուրում ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագրերը կատարվել են խախտումներով. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքը
ՊՎԾ–ն պարզել է, որ ջրագծի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք, որի հետևանքով ջրամատակարարման ցանցում առաջացել են վթարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում 2020-2021 թվականներին ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագրերը կատարվել են առերևույթ խախտումներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։
Պարզվել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել, և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային:
Նշվում է, որ ջրագծի կառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 71 մլն 749 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է 52 մլն 444 հազար դրամ, իսկ համայնքի կողմից՝ 19 մլն 305 հազար դրամ:
«Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի հետևանքով ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ, և այն լիարժեք չի շահագործվում»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՊՎԾ–ի` բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի համար։
Կատարվում է նախաքննություն։
«Ջրառ» պետական ՓԲԸ–ն պետությունից խոշոր գումարներ է թաքցրել. ՊՎԾ–ի բացահայտումը