Լավրովը ԼՂ հարցում Արևմուտքի գործողությունները «դիվանագիտական ռեյդերություն» է անվանում

ՌԴ արտգործնախարարի խոսքով` Արևմուտքը փորձում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները հարմարեցնել իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ցանկանում են վարկաբեկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի միջնորդական ջանքերը: Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա կրկին վկայակոչեց եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը։
«Նրանք մեծ հաշվով զբաղվում են նրանով, ինչը ես կանվանեի «դիվանագիտական ռեյդերություն։ Նրանք փորձում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածություններն իրենց հարմարեցնել, փորձում են իրենց կուրատորությունը պարտադրել այդ ամբողջ աշխատանքին՝ ուղղակիորեն խաթարելով այդ փաստաթղթերի առանցքային սկզբունքները, որոնք ենթադրում են Մոսկվայի ակտիվ մասնակցությունը և՛ տնտեսական, և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանը, և՛ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում կողմերին աջակցելուն»,–ասաց Լավրովը։
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը հագեցած էր. Սերգեյ Լավրով
Նա նշեց, որ Միրզոյանի հետ բանակցել են առանց Արևմուտքի և «ոչ Արևմուտքի» հանդեպ հավակնություններ ունենալու, անկեղծ քննարկել են ստեղծված իրավիճակը։
Իրավիճակը, ըստ նրա, ոչ բոլոր հարցերում է համապատասխանում եռակողմ հայտարարություններում առկա դրույթներին։
«Այսօր քննարկել ենք, թե ինչպես կարելի է իրավիճակը վերադարձնել աշխատանքային բնականոն հուն։ Ինձ թվում է՝ որոշակի ըմբռնում ձեռք բերվեց»,– հավելեց Լավրովը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված։