ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը ԿԳՄՍ նախարարության նախագծով լուծարման եզրին է, մինչդեռ թատրոնի կազմը պատրաստվում է ամեն կերպ պայքարել այս նախագծի դեմ, ընդհուպ` դատական կարգով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը։
Նշենք, որ նախարարության նախագծով նախատեսվում է «Գոյ» թատրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Որպես հիմք նախարարությունը նշում է, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել և կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Ի պատասխան` թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին և բացատրություններ պահանջել։
«Պատասխան նամակում նախարարը գրել է, որ մենք պետք է զբաղվենք մեր ստեղծագործական գործերով, իրենց թողենք վարչարարությամբ զբաղվելը։ Ասել են, թե իրենք մեզ հուզող բոլոր հարցերը կլուծեն` տարածքը կմեծացնեն և այլն։ Թող անեն, բայց ոչ թատրոն միավորի փակման գնով։ Ես մի հարց ունեմ. «Ո՞վ է իրենց թույլ տվել թատրոն փակել, իրենք բոլորը ժամանակավոր մարդիկ են այնտեղ նստած` «Քաջ Նազարի» բախտով»»,–ասաց նա։
Սահակյանը տրամաբանական կապ է տեսնում փետրվարի 7-ին թատրոնում տեղի ունեցած «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացման պրեմիերայի և դրա հաջորդ օրը թատրոնի տնօրենին նախարարություն կանչելու ու լուծարման մասին տեղեկացնելու միջև։
Սահակյանի խոսքով` տարեվերջին թատրոնի տնօրենին ոչինչ չի ասվել տարեկան ֆինանսական պլանի թերի լինելու մասին, իսկ 1.5 ամսում հնարավոր չէր նման որոշում կայացնել։
«Այս միաձուլումը հավասարազոր է փակման, որովհետև ,շատ հարգելով Սունդուկյան թատրոնի ստեղծագործական կազմը, ոչ մեկս չենք պատրաստվում իջնել ներքև։ Մեր վերաբերմունքը խնդրին շատ վատ է, շատ ջղային»,–ասաց նա։
Նշենք, որ 35 տարվա պատմություն ունեցող թատրոնում այսօր աշխատում է 35 անձ։ Սահակյանը շեշտում է, որ օրինական ճանապարհով իրենք ամեն բան անելու են, քանի որ կա պայմանագիր և չկա որևէ հիմք լուծարման համար։
Թատրոնի ղեկավարությունը պատրաստվում է դիմել դատական ատյաններ, այդ թվում Եվրոպական դատարան։ Նրանց են միացել նաև ճանաչված դերասաններ և ստեղծագործողներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում թատրոնի անձնակազմին։
Իսկ մինչ այդ թատրոնի անձնակազմը դժգոհում է, որ ԿԳՄՍՆ–ն, որը կոչված է աշխատանքներ կազմակերպել, խաթարում է դրանք ու իրենց հոգեբանական տեռորի ենթարկում ` թույլ չտալով կենտրոնանալ ներկայացումների վրա։