Ինչպես է Նաիր Տիկնիզյանը որոշել միանալ Հայաստանի հավաքականին

Նաիր Տիկնիզյան
«Լոկոմոտիվի» պաշտպանը խոսել է Թուրքիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը վաղուց է մտածել Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին։ Նա այդ մասին պատմեց հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների զրույցում։
«Արթնացա ու հասկացա, որ պետք է գամ Հայաստան: Ընդհանրապես վաղուց էի մտածում այդ մասին, մոտավորապես մեկուկես տարի առաջվանից, բայց վերջնական որոշում կայացրել եմ այս տարվա հունվարին»,– ասաց նա:
Խոսելով Թուրքիայի հավաքականի հետ մարտի 25-ին կայանալիք հանդիպման մասին` նա ասաց, որ մեկնարկի համար ավելի լավ խաղ պատկերացնել հնարավոր չէր, քան Թուրքիայի հետ հանդիպումը։
«Դա ամենասկզբունքային մրցակիցն է Հայաստանի համար, որ կարող էր լինել: Ամբողջ թիմը հասկանում է պատասխանատվության մակարդակը: Մենք պարզապես պարտավոր ենք դուրս գալ, կռիվ տալ, միավորվել մեր երկրպագուների հետ ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Աստված տա՝ մեզ դա հաջողվի»,– նշեց ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը տարբեր մրցաշարերում 28 հանդիպում է անցկացրել: Նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում (21 տարեկանից ոչ բարձր) և դրա կազմում խաղացել է 7 հանդիպումներում։
Այսօր նա Հայաստանի անձնագիր է ստացել։