Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի. Միրզոյան

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը նշել է, որ 2 ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ 700 միջոցառումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի՝ խթան հանդիսանալով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի համար։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Միրզոյանի` Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ հղած ուղերձում։
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը` մարտի 20-ին, ՀՀ–ում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակը։
«Կցանկանայի ողջունել այս տարի նոր ֆրանկոֆոն խոշոր դերակատարի՝ Ֆրանսիական ինստիտուտի մուտքը Հայաստան և ակտիվ ներգրավվածությունը երկամսյակի միջոցառումների կյանքի կոչման հարցում։ Նշեմ, որ երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ 700 միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և սկզբունքներին»,–ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ Հայաստանի նախագահության՝ իրադարձություններով հարուստ չորս տարիների ընթացքում մեր երկիրը պատվով է առաջ մղել ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման։
Նրա խոսքով` Հայաստանը շարունակելու է վճռականորեն իր նպաստը բերել ֆրանկոֆոնիայի արժեքների ու գաղափարների տարածմանը։ Ըստ Միրզոյանի` ֆրանկոֆոնիայի օրերի հաջողության հարցում մեծ է գործընկերների, այդ թվում՝ Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների դերակատարությունը։
Հիշեցնենք` Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ավելի վաղ հայտնել էր, որ 2023-ին դեսպանությունը ներկայացնում է ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված շուրջ 20 միջոցառում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Նշենք, որ արդեն հայտնի է որոշ միջոցառումների անցկացման ժամանակացույցը։ Մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Իսկ մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում` հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Հավելենք, որ Հայաստանում գործում է ֆրանսիական մշակույթի և կրթական ցանց, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և նորաբաց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: