ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա այս տարի, Հայաստանում։ ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ընդունելության ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:
Դեսպանը նշել է, որ Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարևանային ներուժն ամրապնդելու հարցում:
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին` 2022-ի նոյեմբերին, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում էր: