ՌԱԴԻՈ

Բուրյակի կարծիքն անընդունելի է, սպորտը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականացվի. Բաղդասարյան

Մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակի քննադատությանը Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հասցեին։
Sputnik
Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը մեծ հեղինակություն ունի ֆուտբոլային աշխարհում, սակայն Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ նրա կարծիքն անընդունելի է, որովհետև սպորտը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականացվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։
Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը Հայաստանի ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին քննադատել է նրա համար, որ վերջինս Հայաստանի հավաքական է հրավիրել Ռուսաստանի տարբեր մրցաշարերում հանդես եկող ֆուտբոլիստների։ «Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվել Պետրակովը, հատկապես այն իրավիճակում, որում հայտնվել է մեր երկիրը»,– ասել է Բուրյակը։
«Տվյալ դեպքում ի՞նչ կապ ունի հայ ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս Ռուսաստանում։ Մի՞թե նա իրավունք չպետք է ունենա խաղալու իր պատմական հայրենիքի, իր արմատների հավաքականում, առավել ևս, որ ՖԻՖԱ–ն և ՈւԵՖԱ–ն չեն արգելում։ Եթե հայերն ուզում են հանդես գալ Հայաստանի հավաքականում, կապ չունի, թե որ երկրում են բնակվում։ Բուրյակը շատ լավ գիտի, որ բազմաթիվ ուկրաինացիներ տարբեր մարզաձևերում հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո»,– ասաց Բաղդասարյանը։
Նրա կարծիքով` տվյալ դեպքում ավելի շատ խոսում է մասնագիտական նախանձը, որովհետև Պետրակովն, այդուհանդերձ, հասել է լուրջ հաջողությունների, նրա գլխավորությամբ Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն։ Բացի դրանից, Պետրակովն իր հերթին չէր էլ մտածում, որ կարող է ստանձնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Եթե խոսում ես երկրի մասին, դեռ կարելի է ընդունել, բայց երբ խոսում ես կոնկրետ ազգի դեմ, դա միանշանակ անընդունելի է, մեծ խտրականություն է, առավել ևս, որ Ռուսաստանում այսօր մեծ թվով ուկրաինացիներ են ապրում և նրանք այդ առումով որևէ խնդիր չունեն»,– ասաց մեր զրուցակիցը։
Բաղդասարյանի դիտարկմամբ` Բուրյակի վարքագիծը կարելի է գնահատել նաև որպես միջամտություն մեր ֆուտբոլային գործերին։ Ըստ նրա` Ռուսաստանում կան շատ հայազգի ֆուտբոլիստներ, սակայն տեղի մասնագետները չեն ասում, թե նրանցից, օրինակ, Սպերցյանը կամ Տիկնիզյանը ինչու՞ են որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Ընդհակառակը` նրանք շատ են ափսոսում, որ ձեռքից բաց են թողել նման վարպետների, և այդ հարցում մեղադրում են իրենց ֆուտբոլային ղեկավարներին։
Պետրակովը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընդլայնված կազմը
«Անշուշտ մեր ֆուտբոլի ֆեդերացիան էլ կարող է պատասխանել Բուրյակին` ասելով, թե նրա ինչ գործն է, որովհետև սա մեր հավաքականն է, և ֆուտբոլիստների ընտրության հարցում որևէ խախտում չկա»,– նշեց մարզական մեկնաբանը։
Բաղդասարյանը չի ընդունում նաև այն, որ Բուրյակը կենտրոնացել է Ռուսաստանից հրավիրված ֆուտբոլիստների վրա։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի ընտրանու հետ խաղին ընդառաջ Պետրակովը հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, որոնցից տասնմեկը հրավիրվել են այլ երկրներից, և նրանցից միայն չորսն են ներկայացնում Ռուսաստանի առաջնությունը։