ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ամեն մարդ ներկայացնում է իր դաստիարակությունը, իր տունը, իր երկիրը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսպես արձագանքեց Բուխարեստում գրանցված տհաճ միջադեպին, երբ ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը Կարապետ Մանվելյանին մաքուր պարտվելուց հետո չսեղմեց նրա ձեռքը, հարվածեց հայ ըմբիշին ու որակազրկվեց։
«Մենք միշտ մեր տղաներին զգուշացնում ենք, որ չենթարկվեն մրցակիցների, առավել ևս ադրբեջանցիների սադրանքներին։ Գոտեմարտից հետո ադրբեջանցիները մեզանից ու Կարապետ Մանվելյանից ներողություն խնդրեցին։ Բայց դա չփրկեց նրանց որակազրկումից», –նշեց Բաբալարյանը։
Կարապետ Մանվելյանը լրագրողների խնդրանքով ևս խոսեց միջադեպի մասին` նշելով, որ երբեք չպետք է կորցնել ինքնատիրապետումը։
«Սպորտում հաղթանակն ու պարտությունը իրար կողքի են լինում։ Երբեք չպետք է կորցնել ինքնատիրապետումը։ Ես գիտեմ թե ինչպես պատժեմ մրցակցիս` դա կանեմ գորգի վրա նրան հաղթելով», – ասեց Մանվելյանը։
Ըմբշամարտիկ Կարապետ Մանվելյանը
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն: