ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Միրզոյանի և Լավրովի հանդիպման օրակարգը

Սերգեյ Լավրովի և Արարատ Միրոզյանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Մոսկվան կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ հաշվի առնելով այն, որ Արևմուտքը փորձում է «խարխլել տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման օրակարգը:
ՌԴ արտգործնախարարության կայքում նշվում է, որ նախարարները նախատեսում են քննարկել հայ-ռուսական համագործակցության ներկայիս իրավիճակը և դրա զարգացման հետագա քայլերը:
Կքննարկվեն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։
Տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ-ների կողմից առաջին անգամ պատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը:
Նշվում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների։
«Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Երևանի և Բաքվի միջև վստահության վերականգնման ու լիարժեք համագործակցության առանցքային պայման», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը ներդրում ունի իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանման գործում: Խաղաղապահներն աջակցում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի հաստատմանը, իրականացնում են տարածքների ականազերծում, միջնորդություն են իրականացնում ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումների ժամանակ, ապահովում են հումանիտար մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար:
Բացի այդ, ռուսական ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։
Նախարարությունից նաև նշել են, որ Մոսկվան կողմնակից է հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակման։
ՌԴ ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդել փոխհարաբերությունների հիմնարար սկզբունքները, երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության հիմքեր դնել: Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության։
«Առաջիկա բանակցությունները դիտարկում ենք որպես երկխոսության պահպանման և դաշնակցային կապերի ամբողջ համալիրի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակություն։ Կարևորում ենք հանդիպումը մեր պետությունները իրար դեմ հանելու և տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խարխլելու Արևմուտքի երկրների անամոթ փորձերի ֆոնին», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը չէր բացառել, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն նաև Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության տեղակայման հարցը: