ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՊՀ դիտորդների առաքելությունը Ղազախստանում խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մասնակցության բարձր ակտիվություն է նկատել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Լեոնիդ Անֆիմովը։
«Մենք 7 ընտրատեղամասում ենք եղել, սա էլ արդեն 8-րդն է։ Ասեմ, որ իրավիճակը մի փոքր ակտիվացել է։ Երբ այցելեցինք առաջին ընտրատեղամաս, դեռ մարդիկ քիչ էին, կամաց–կամաց սկսում է ավելի շատ մարդ գալ, այս պահին ընտրողների ակտիվությունն էականորեն աճել է։ Նախորդ ընտրատեղամասում ընտրողների հերթ էր գոյացել, մենք բավականին բարձր ենք գնահատում մարդկանց ընտրական ակտիվությունը»,– լրագրողներին հայտնել է Անֆիմովը։
Ղազախստանում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ից (տեղական ժամանակով)։
Խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 7 կուսակցություն` «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ կպայքարեն ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։