Բաշար Ասադն այցելել է ԱՄԷ. երկրի նախագահի հետ քննարկումներ են եղել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը. Արխիվային լուսանկար
Քննարկել են Սիրիայում և տարածաշրջանում իրադրությունը կայունացնելու հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը` Ասմա ալ–Ասադը, ժամանել են Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նրանց այնտեղ ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Նահայանը։
«Այսօր ԱՄԷ–ում ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,– սոցցանցերում գրել է ԱՄԷ նախագահը։
Նա նաև նշել է, որ քննարկել են Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների կայունությունն ու դրական դինամիկան ամրապնդելու հարցերը։
The National News թերթի տվյալներով` ԱՄԷ է ժամանել սիրիական պատվիրակություն, ներառյալ էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները։
2021 թվականին ԱՄԷ–ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունն Արաբական պետությունների լիգային։ 2021 թվականի վերջին Դամասկոսում ԱՄԷ դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը։ 2022–ն Ասադն այցելել է ԱՄԷ` սա Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր նրա առաջի արաբական երկիրն էր։
2023 թվականի հունվարին ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալա բին Զաիդ Ալ Նահայանը ժամանել է Սիրիա` Ասադի հետ բանակցություններ վարելու։ Փետրվարին էլ Բաշար Ասադը եղել է Օմանում։