ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Արցախում ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Հերհեր գյուղի խաղաղ բնակչի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակել տրակտորի ուղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տեղեկացվում է, որ տուժածներ չկան։
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։
Հիշեցնենք, որ մարտի 10֊ին էլ, ժամը 19։10֊ից ժամը 19։40-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել էին հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։