ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ուկրաինայում հակամարտության կարգավորման անբաժանելի մաս պետք է դառնա միջազգային դատական ատյաններում Ռուսաստանի նկատմամբ բոլոր ապօրինի պատժամիջոցների և հայցերի չեղարկումը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ–ում ուշադրություն են դարձրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, որը նշել է ամերիկյան և ուկրաինական ապակառուցողական դիրքորոշումը` հայտարարելով, որ ԱՄՆ–ն տրամադրված է շարունակել Կիևին զինել, այլ ոչ թե ճգնաժամը կարգավորելու նպատակով Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցություն հաստատել։
«Կայուն խաղաղության հասնելու անբաժան մասը պետք է դառնա միջազգային դատական ատյաններում Ռուսաստանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցների և հայցերի չեղարկումը», – ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նա ընդգծել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել սպառազինության և վարձկանների մատակարարման դադարեցման, մարտական գործողությունների ավարտին, Ուկրաինայի` չեզոք կարգավիճակի վերադարձին, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ձևավորված նոր տարածքային իրողությունների միջազգային ճանաչման։
Նրա խոսքով` պետք է իրականացվի Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, վերացվեն Ուկրաինայի տարածքից բխող բոլոր սպառնալիքները, ամրագրվեն դրա ոչ միջուկային կարգավիճակն ու ռուսախոս բնակչության և ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման երաշխիքները։