ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրից ռազմական ապրանքների, տեխնոլոգիաների, սպառազինության կամ ռազմական տեխնիկայի ապօրինի արտահանումն ու օտարերկրացիներին հանձնելը քրեականացնող օրենք։ Օրենքը խախտելու դեպքում սպասվում է մինչև 12 տարի ազատազրկում։
Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։
Դաշնային օրենքը փոփոխություններ է կատարում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածում, որը քրեական պատասխանատվություն է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների կամ տեխնոլոգիաների, զենքի կամ ռազմական տեխնիկայի ապօրինի արտահանման կամ օտարերկրացուն փոխանցելու, ապօրինի աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար:
Նշված արարքի կատարման համար կսահմանվի երեքից յոթ տարվա ազատազրկում։