Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի հետ Թեհրանի հարաբերությունները

Կողմերը կարծիքներ են փոխանակել ավելի սերտ երկկողմանի կապեր հաստատելու, ինչպես նաև Թեհրանի ու Անկարայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի և Ադրբեջանի հետ ընթացիկ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Tasnim–ը` հղում անելով ԻԻՀ–ի ԱԳՆ–ին։
Ընդգծվում է, որ արտգործնախարարները կարծիքներ են փոխանակել ավելի սերտ երկկողմանի կապեր հաստատելու և տարածաշրջանային մակարդակով Թեհրանի ու Անկարայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է 7 տարվա դադարից հետո դիվանագիտական կապերի վերականգնման վերաբերյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է Բահրեյնի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին
Նա վստահություն է հայտնել, որ այդ գործարքը կամրապնդի մադմեդական աշխարհի դիրքորոշումն ու իսլամական երկրների միջև փոխգործակցություն կհաստատի տարածաշրջանային խնդիրների լուծմանն աջակցելու համար։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն իր հերթին նշել է` հարևանների և տարածաշրջանային երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև միջազգային հարթակում փոխգործակցության ուժեղացման համար։