Դատախազությունը բողոք է ներկայացրել Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի գործով

Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալը դիտավորյալ հայտարարագիր չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոքով պահանջում է Լոռու մարզի Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալ Ռ. Վ.–ի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ ու զրկել նրան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
2023 թվականի փետրվարի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր մեղադրական եզրակացություն, որով Ռ.Վ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 14.2 հոդվածի 1-ին մասով (հայտարարագիրը դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելը)։ Նշանակվել էր 680 հազար դրամ տուգանք:
«2023 թվականի մարտի 16-ին դատախազի կողմից վերոհիշյալ դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պատժի մասով բեկանել դատավճիռը»,– ասված է հողորդագրությունում։
Նշենք, որ Ռ.Վ.-ն 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, չէր ներկայացրել հայտարարագիր:
Հիշեցնենք` 2022–ի ապրիլի 18–ին ՀՀ դատախազությունը հայտնել էր` Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարը, նրա ընտանիքի անդամը և համայնքի ղեկավարի տեղակալը 2020թ. տարեկան հայտարարագրերում առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ են թաքցրել:
Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն, մասնավորապես, թաքցրել է հայտարարագրման ենթակա 3 հողամասերը, իրեն տրամադրված 1.350.000 ՀՀ դրամ վարկը, ինչպես նաև 4.237.134,3 ՀՀ դրամի չափով եկամուտը: