ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Կնյազ Իբոյանն այսօր 7։5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
Մեկ այլ ազատ ոճի ըմբիշ էլ` Մեժլում Մեժլումյանը, 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին և կրկին դուրս եկել կիսաեզրափակիչ։
Այսօր մեդալի համար է պայքարել նաև ըմբիշ Էդիկ Հարությունյանը։ Նա հաղթել է սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ:
Նշենք, որ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով` Էդիկ Հարությունյան (57 կգ) , Մեժլում Մեժլումյան (61 կգ), Տիգրան Ղազարյան (65 կգ), Հայկ Պապիկյան (70 կգ), Մենուա Յարիբեկյան (74 կգ), Նարեկ Գրիգորյան (79 կգ), Կնյազ Իբոյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (92 կգ), Խաչատուր Խաչատրյան (97 կգ), Մարտին Սիմոնյան (125 կգ)։