ՌԱԴԻՈ

Ո՛չ Երևանն է պատրաստ, ո՛չ վարորդները. Քեյանը` Ավինյանի «տրանսպորտային խոստումների» մասին

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանում հասարակական տրասպորտի չվացուցակների ու ժամանումների առցանց համակարգ ներդնելու թեմային։
Sputnik
Հասարակական տրասպորտի չվացուցակների առցանց համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի համար ավելրոդ ծախս է լինելու և չի ծառայի նպատակին, քանի որ նման քայլ կատարելուց առաջ պետք է նախ սահմանել անխափան երթուղիներ, որոնք այս պահին մայրաքաղաքում չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։
Կառավարության մարտի 16-ի նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ապագայում Երևանում ներդրվելու է հասարակական տրանսպորտային միջոցների չվացուցակների ու ժամանումների առցանց համակարգ, ինչը միտված կլինի տրանսպորտի ընդհանուր գործունեության կարգավորմանը։
«Արտասահմանյան շատ երկրներում այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է, որովհետև այնտեղ կան հստակ երթուղիներ, որոնք չեն ընդհատվում և նախատեսված են միայն հասարակական տրանսպորտային միջոցների համար։ Մարդիկ կանգառներում սպասում են 3-4 րոպե։ Մեխանիզմը հստակ գործում է, և այդ պարագայում նույնիսկ անիմաստ է բջջային հեռախոսի հավելված ունենալ, որպեսզի իմանաս, թե երբ է գալու քեզ անհրաժեշտ տրանսպորտը»,– նշեց Քեյանը։
Նա հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում Երևանի քաղաքապետարանը խոսում էր տրանսպորտի բարելավման ծրագրով մայրաքաղաքում երկու փորձնական երթուղիներ փորձարկելու մասին, որոնք նախատեսված կլինեին միայն հասարակական տրանսպորտային միջոցների համար։ Մասնավորապես նախանշվում էր Մյասնիկյան պողոտան և Հերացու փողոցը, սակայն այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվեց, և դրա մասին կարծես մոռացել են։
«Քաղաքապետարանում հավանաբար գիտակցում են, որ դա բավականին բարդ աշխատանք է, հետևաբար չեն ուզում մտնել այդ բեռի տակ»,– ասաց Քեյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերոհիշյալ նախաձեռնության իրականացմանը չեն խանգարի նաև քրոնիկ դարձած մայրաքաղաքային խցանումները, Քեյանն ընդգծեց, որ այդ խնդիրը որոշ չափով առկա է, բայց խնդրի լուծումը բոլորովին այլ տեղում է։
«Մենք վերջապես պետք է սովորենք կարգապահ երթևեկել։ Խցանումների առյուծի բաժինը ոչ թե վթարների, այլ անկանոն ու անգրագետ երթևեկելու պատճառով է առաջանում։ Այստեղ շատ կարևոր է նաև պատկան մարմինների կողմից երթևեկության պատշաճ կազմակերպումը։ Եթե ունենանք նորմալ գործող տրանսպորտային ցանց, այդ դեպքում այդքան մեքենա վարելու անհրաժեշտություն չի առաջանա։ Եթե մարդն իմանա, որ կարող է 5-10 րոպեում հասնել քաղաքի կենտրոն կամ աշխատավայր, կգերադասի օգտվել տրանսպորտից և կխնայի իր մեքենայի վառելիքը»,– նշեց մեր զրուցակիցը։
Քեյանի դիտարկմամբ` նման նախաձեռնություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նաև ավտոբուսների համապատասխան թվաքանակ։
Դեպի «Զվարթնոց» նոր ճանապարհ, ավտոբուսային դեպո. ինչ ծրագրեր ունի Երևանի քաղաքապետարանը
Թեև նոր խմբաքանակներ են բերվել, սակայն գործող տրանսպորտային միջոցներից շատերը հնացել են, որոշներն անգամ շարքից դուրս գալու շեմին են, իսկ նորերը դեռ շահագործման չեն հանձնել, թեև քաղաքապետարանից ասում են, որ պայմանագիր են կնքել ինչ–որ ընկերության հետ, որը կարող է 10 օրը մեկ մի ավտոբուս վերանորոգել ու հանել երթուղի։
Քեյանը պնդեց, որ ֆինանսական միջոցները պետք է ռացիոնալ օգտագործվեն և ուղղվեն նաև չընդհատվող երթուղիների գծմանն ու շահագործմանը։