ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի նյութական վնասը կազմում է 2 տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար): Տեղեկությունը հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարարությանը։
«Սա ցույց է տալիս, որ մենք ունենք մոտ 6 անգամ շատ վնաս և կորուստ, քան 1999 թվականին Մարմարայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի դեպքում: Այս թիվը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9 տոկոսին»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել շուրջ 48 հազար մարդ։