Տավուշում մեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. կան տուժածներ

Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկը մարել է հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Այսօր Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի բաժինը։
Նշվում է, որ ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել:
Նախնական տեղեկություններով` կան տուժածներ։
Հրդեհը մարվել է։