Մայրաքաղաքի ավագանուն Հրաչյա Սարգսյանի հրաժարականի մասին որևէ բան հայտնի չէ, և այդ մասին ավագանուն պաշտոնապես որևէ տեղեկատվություն չի փոխանցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, ըստ ամենայնի, հրաժարականի դիմում է գրել:
«Խոսակցություններ իհարկե եղել են, նույնիսկ ասվում էր, որ այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը Հրաչյա Սարգսյանը ներկայացնելու է հրաժարականի դիմում։ Ես դեռ վաղուց էի ասել` որպեսզի գնան արտահերթ ընտրությունների, քաղաքապետը պետք է հրաժարական տա։ Կանխատեսում էի, որ դա տեղի կունենա կատարողականի հաստատումից հետո, ինչը կարևոր փաստաթուղթ է»,– ասաց Աբգարյանը։
Նա վկայակոչեց մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկատվություն, որ Երևանում արտահերթ ընտրություններ դեռ չեն լինի և կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ մեր զրուցակցի` դա կլինի ավելի վատ, որովհետև ընտրությունների դեպքում իրավիճակը քիչ թե շատ հասկանալի կլիներ, մինչդեռ այժմ քաղաքապետարանում իսկապես առկա է ոչ ժողովրդավարական, աննորմալ վիճակ։
Նրա բնութագրմամբ` շուրջ մեկ տարի է, ինչ քաղաքապետարանը վերածվել է իշխանության կոնկրետ թեկնածուի նախընտրական շտաբի։
Անդրադառնալով այն լուրերին, որ Երևանի քաղաքապետի ժՊ կարող է նշանակվել առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նա Տիգրան Ավինյանի հովանավորյալն է, նույնիսկ ստվերը, հետևաբար Ավինյանն այժմ ամբողջությամբ կսկսի ինքնուրույն կառավարել մայրաքաղաքը։ Եթե Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք որոշ հարցերում կային տարաձայնություններ, ապա Լևոն Հովհաննիսյանի պաշտոնավարումը կլինի ձևական և խնդիրներ չի հարուցի Ավինյանի համար։
«Երբ Տիգրան Ավինյանին նշանակեցին Երևանի փոխքաղաքապետ, փորձեցին ապահովել այդ պաշտոնում նրա գործունեության տեսանելիությունը` նրա հետ կապելով մայրաքաղաքում տեղի ունեցող բարեփոխումների որոշակի ծավալը։ Հիմա նա է հիմնականում լուսանկարվում, ժապավեններ կտրում, պարբերաբար մասնակցում կառավարության նիստերին։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քարոզարշավ։ Մյուս փոխքաղաքապետներին նման ակտիվությամբ չեն լուսաբանում։ Ավինյանը նույնիսկ անում է քայլեր, որոնք պետք է աներ քաղաքապետը, և դրանով իսկ ստվերում է Հրաչյա Սարգսյանի անձը»,– ասաց Աբգարյանը։
Նա հիշեցրեց` երբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի իմպիչմենտի արդյունքում Հրաչյա Սարգսյանը զբաղեցրեց նրա պաշտոնը, կար գիտակցում, որ նոր քաղաքապետը լինելու է դրածո, խամաճիկ։
Ըստ Աբգարյանի` եթե Հրաչյա Սարգսյանը լիներ քաղաքականապես ուժեղ անձնավորություն, ապա գոնե որոշակի դիմադրություն ցույց կտար և հրաժարականի դիմում չէր ներկայացնի, սակայն նա իր գործունեությամբ ապացուցել է, որ ընդամենը կամակատար է և գործող իշխանության առաջին իսկ հրահանգի դեպքում լուռ կհեռանա։