ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին երկօրյա այցով։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, մարտի 17-ին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Այսօր առավոտյան նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։