ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը որքանով է հավանական․ Փաշինյանի հայտարարության հետքերով

Նիկոլ Փաշինյան
Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը, տեղահանվածների վերադարձի մասին խոսելով, փորձում էր հանգստացնել ներքին լսարանին, իսկ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ ՄԱԿ-ին դիմելու նախաձեռնությունը ո՛չ տեղին է, ո՛չ էլ ժամանակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանն ու Սիրանուշ Սահակյանն առնվազն տարօրինակ են համարում, որ գործող իշխանությունները պատերազմից երեք տարի անց են հիշել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ տեղահանվածների մասին դրույթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարել է տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու հարցով դիմել ՄԱԿ և հիշեցրեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթը, որտեղ ասվում է, թե ներքին տեղահանված անձինք և փաստականները վերադառնում են ԼՂ–ի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։
«Տրամաբանություն չեմ տեսնում։ Երկու տարի շարունակ լռության մատնված շատ–շատ հարցեր, որոնք վերաբերում են եռակողմ հայտարարությանը, այսօր հանկարծակի արդիականացվում են, հնչում են ինչ–որ խոստումներ, թե ինչ և ինչպես պետք է արվի։ Կարծում եմ՝ սա պոպուլիստական և իրավիճակային հերթական հայտարարությունն է, միայն թե ինչ–որ առումով հանգստացնեն դյուրահավատ խավին, որպեսզի դժգոհություն չարտահայտեն»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը։
Նա սխալ է համարում, որ այդ մասին հայտարարվում է արտգործնախարարին կարգադրելու փուլում։ Դա, ըստ Ալավերդյանի, վարչապետի կողմից խելացի կեցվածք չէ, ինչն էլ հենց ապացուցում է, որ նման հայտարարության իրական նպատակը ներքին լսարանին հանգստացնելն է։
Այնուամենայնիվ, եթե իշխանությունը իրապես մտադիր է հարցը բարձրացնել ՄԱԿ–ի մակարդակով, Ալավերդյանը վստահ է, որ իրավական հսկա գործիքակազմ կա, որից կարող է օգտվել ՀՀ–ն։
«Կա հզոր շտեմարան, գործիքակազմ և գործիքներ` միջազգային կոնվենցիաներ և նախադեպեր, որոնք այս կամ այն ձևով դիտարկվել են միջազգային քրեական դատարանում»,- ասաց նա։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ երբ խոսվում է տեղահանվածների վերադարձի մասին, պետք է հիշել, որ այս պահին էլ Արցախում անվտանգային հարցեր կան, և որևէ հիմնավորում չկա, թե ինչ հիմքով և ինչ գործողություններից հետո են իշխանությունները նման նախաձեռնությամբ հանդես գալիս։
«Մենք փախստականների կամ տեղահանվածների վերադարձի օբյեկտիվ անհնարինություն ունենք։ Բացի այդ, Արցախը անվտանգային խնդիրներ ունի, գտնվում է շրջափակման մեջ, իսկ ՄԱԿ–ը և այլ ազդեցիկ մարմիններ առայժմ գործուն լուծումներ չեն տվել Արցախը ապամեկուսացնելու և արտաքին աշխարհի հետ կապը վերականգնելու համար»,–ասաց Սահակյանը։
Հետևաբար, նրա կարծիքով, այս նախաձեռնությունը ո՛չ տեղին է, ո՛չ էլ ժամանակին, և դրական փոփոխության ակնկալիք պետք չէ ունենալ։
«Որևէ հայի գոյությունը և համակեցությունը չի հանդուրժվել ադրբեջանական հսկողության ներքո, և քանի դեռ անվտանգային մեխանիզմներ ներդրված չեն, այն գործնականորեն իրացվելի չէ»,– ընդգծեց Սահակյանը։
Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց նաև, որ պետական մարմիններին են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները և բողոքում են, թե ինչու ՀՀ կառավարությունը չի պաշտպանում իրենց իրավունքները, ինչու չի բարձրացնում միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը։ Ըստ ՀՀ վարչապետի` սա խնդիր չէ, և էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները կարող են ինքնակազմակերպվել և իրենց գույքային վերադարձի ու այլ իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում։
Երկու իրավապաշտպաններն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրին, որ նմանատիպ գործերով միջազգային գործընթաց արդեն իսկ կա։ Խոսքը վերաբերում է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնց դատական ակտը կատարվել է ավելի վաղ` նախքան 2020 թվականի պատերազմը, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա, և Ադրբեջանը համագործակցողի կեցվածք չունի։
«Պետք է այդ հարցերը պարզաբանվեն` ինչու ավելի կոշտ լիազորություններ ունեցող կառույցների շրջանակներում այդ խնդիրը դեռևս առկախված է մնում, և ինչպիսի արդյունավետություն կարող է տրվել հարցին, եթե դրանում ներգրավվի փախստակաների հարցով ՄԱԿ–ի իրավասու կառույցը»,–ասաց Սահակյանը։
Լարիսա Ալավերդյանն իր հերթին կարծում է, որ այս նախաձեռնությունը երբեք չի կարող ուշացած համարվել, քանի որ վերադարձի իրավունքն անժամկետ է։
«Իհարկե ուշ չէ դիմելու համար։ Բոլորովին այլ է, որ և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք արգելում են գույքի վերադարձը, ինչը դեմ է միջազգային իրավունքին»,–ասաց նա։
Ալավերդյանն ընդգծեց՝ եթե գույքի վերադարձի հարցը միջազգային կառույցներում բարձրացնելու ցանկություն կա, պետք է իրականացվի փաստավորված և գրագետ։