Կրկին հանդիպել են ՀՀ վարչապետն ու նախագահը. ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը
Փաշինյանն ու Խաչատուրյանը միմյանց շնորհակալություններ հայտնելուց հետո անցան բուն զրույցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում` անվտանգային։ Զրուցակիցներն անդրադարձել են կառավարության 2021-2026թթ. ծրագրին, նախագահը կարծիք է հայտնել, որ ծրագրին վերաբերող հարցերը պետք է ավելի շատ հանրայնացնել, որպեսզի առավել տեսանելի լինի կատարված աշխատանքը։
Վարչապետ Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ մի շարք ոլորտներում հաջողվել է կարևոր ձեռքբերումներ գրանցել։ Մասնավորապես, գործադիրի ղեկավարն առանձնացրել է առողջապահական ոլորտը` հիշեցնելով, որ 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելի է։
«Այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ։ Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն»,– նշել է Փաշինյանը։
Նաև կարևորել է նաև հայկական ավիաընկերությունների զարգացման հարցը` նշելով, էր 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900.000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել:
«Մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են»,– շեշտել է վարչապետը։
Նրա խոսքով` սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել։ Նրա խոսքով` Հայաստանում ծնված և արտերկրում աշխատող բարձրակարգ օդաչուները հիմա աշխատում են Հայաստանում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել էին փետրվարի 10-ին։