ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք տարանջատվա՞ծ են Լեռնային Ղարաբաղի ու ՀՀ– Ադրբեջան բանակցությունների հարցը։
«Բանակցությունները դեռևս այն փուլում չեն, որ հստակ պատասխան տրվի` Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ու Լեռնային Ղարաբաղի հարցն առանձին պրոցեսներ են, թե ոչ»,– ասաց նա։
Նշենք, որ փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արցախի հարցը Հայաստանի և Ադրբեջանի պայմանագրի մեջ պետք է որևիցե ձևով արտահայտված չլինի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։