ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա, ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է չորս ռուսական դպրոցներ կառուցման նախագիծը։ Ծաղկաձորում անցկացված ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստում այս մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
Նրա խոսքով` ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ծրագրի իրագործմամբ։ Նա առաջարկել է աշխատանքային խմբի կազմում ընդգրկել միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչներին։
Ռուսաստանի Դաշնության կրթության փոխնախարար Անդրեյ Կորնեևը հավելել է, որ երկկողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։ Քննարկելու է ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը։
Յուրի Վորոբյովն իր հերթին կարևորել է ռուսերեն լեզվով դասագրքերի հանձնումը հայկական դպրոցներին։ Հայաստանի դպրոցները Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից կստանան ավելի քան 60 հազար դասագիրք։
«Այս աշխատանքն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ՌԴ ֆինանսների նախարարության հետ»,–ասել է նա։
Վորոբյովն ընդգծել է, որ այս տարի առաջին անգամ Հայաստանից ժամանած դպրոցականները Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների ավագ դպրոցի աշակերտների հետ կդառնան «Հիշողության գնացք» միջազգային հայրենասիրական մշակութային և կրթական նախագծի մասնակիցներ։
Հավելենք, որ Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 37-րդ նիստը, ռուսական կողմի առաջարկով, կանցկացվի այս տարվա սեպտեմբերին Իրկուտսկի մարզում՝ նվիրված «Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտատեխնոլոգիական համագործակցության ժամանակակից փուլին։