ՌԱԴԻՈ

Հայաստան–Թուրքիա խաղն ու սև շուկան. ինչո՞ւ են տոմսերը շուտ սպառվել

«Կարմիր արծիվներ» ֆուտբոլային երկրպագուների ակումբի նախագահ Անդրանիկ Դալդումյանը ափսոսում է, որ թուրք երկրպագուները Երևան չեն գա` անակնկալներ կային նրանց համար։ Sputnik Արմենիայի եթերում նա անդրադարձել է Հայաստան–Թուրքիա խաղի տոմսերի շուկայում տիրող իրավիճակին։
Sputnik
Դեռ խորհրդային ժամանակներից ֆուտբոլային խաղերի տոմսերի սև շուկան մեզ մոտ եղել է անվերահսկելի, և այսօր էլ տեսնում ենք այդ վատ երևույթի դրսևորումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Կարմիր արծիվներ» ֆուտբոլային երկրպագուների ակումբի նախագահ Անդրանիկ Դալդումյանը` խոսելով Հայաստան-Թուրքիա մրցախաղի նախաշեմին առաջացած եռուզեռի մասին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ մարտի 13-ին` Հայաստան-Թուրքիա մրցախաղից տասներկու օր առաջ, հայտարարեց, որ տոմսերը սպառվել են։ Այդուհանդերձ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` ՀՖՖ-ն կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սև շուկան, և մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից: Սև շուկայում տոմսերի գները 20 հազարից հասնում են մինչև 50 հազարի, այնինչ տոմսարկղներում դրանց գինը եղել է 2000–10000 դրամ։
«Տոմսերի հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է նրանով, որ այն մեզ համար միայն ֆուտբոլային հանդիպում չէ` ուզեք, թե չուզեք ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Հենց այդ հետաքրքրությունից էլ օգտվում են զեղծարարները` զբաղվելով տոմսերի ապօրինի վերավաճառքով։ Մենք միշտ առաջարկել ենք նման արարքների դեպքում խստացնել քրեական պատասխանատվությունը։ Դժվար է ասել, թե ինչ գործիքակազմով ՀՖՖ-ն կարող է վերահսկել իրավիճակը։ Դրանով ավելի շուտ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, և եթե կարիք կա, պետք է լինեն օրենսդրական կարգավորումներ։ Կարելի է այստեղ հաշվի առնել նաև միջազգային հաջող պրակտիկան»,– ասաց Դալդումյանը։
«Կարմիր արծիվներ» ակումբը համագործակցում է ՀՖՖ–ի հետ, և ֆեդերացիան իրենց զեղչ գներով տրամադրել է որոշակի քանակությամբ տոմսեր։
«Հայաստան–Թուրքիա հանդիպումից առաջ նախատեսում ենք իրականացնել հետաքրքիր, բազմաժանր ակցիաներ, թեև այդ առումով կարող են լինել փոքրիկ դժվարություններ։ Ակցիաները տեղի կունենան ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Փակագծերն առայժմ չենք բացում։ Բնականաբար հնարավորինս խուսափելու ենք քաղաքական բնույթի պաստառներից, առավել ևս, որ մրցախաղը լինելու է ՈւԵՖԱ-ի տեսուչների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում»,– նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՈւԵՖԱ–ի հատուկ որոշմանը, ըստ որի` թուրք երկրպագուները չեն ժամանելու Երևան, իսկ հայ երկրպագուները չեն մեկնի Թուրքիա, Դալդումյանն ասաց, որ հասկանում և ընդունում է մոտիվացիան, քանի որ ՈւԵՖԱ–ն նման որոշում կայացրել է անվտանգության նկատառումներից ելնելով, բայցևայնպես շեշտեց, որ կողմ է, որ երկրպագուներն ուղեկցեն ազգային հավաքականին։
«Ափսոս թուրք երկրպագուները չեն ժամանի Երևան։ Նրանք անմիջականորեն կտեսնեին մեր պատրաստած անակնկալները»,– ասաց ֆան–ակումբի նախագահը։
Հիշեցնենք` մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Թուրքիայի հավաքականին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։
Պետրակովը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընդլայնված կազմը