ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հսկող դատախազի որոշմամբ` նրա նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` փողերի լվացման և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով` հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։
Նշենք` ՔԿ–ն Արշակ Հակոբյանին կալանավորվել էր 2021-ի նոյեմբերի 30-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 1994-2018 թվականների ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ։ Արդյունքում` նա հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները «լվանալու», օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:
«2008-2010 թվականների ընթացքում Արշակ Հակոբյանը ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը»,– ասված է հաղորդագրությունում:
2011 թվականին Արշակ Հակոբյանը ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2012 թվականին 120 մլն դրամով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013 թվականին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը):
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր (ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ)՝ դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով՝ Արշակ Հակոբյանը 2014 թվականին դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է մտերիմներին:
«Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը «լվացել է» հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը»,– ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, Արշակ Հակոբյանը լինելով ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության ղեկավարը` 2013-2014 թվականներին Վլադիմիր Գասպարյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ «լվացել է» վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը:
Մասնավորապես՝ Վլադիմիր Գասպարյանը 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով Ներքին գործերի նախարարության Սևանի, Արմավիրի բաժինների պետի, ներքին գործերի նախարարի տեղակալի, ՊՆ ռազմական ոստիկանության պետի, պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ Ոստիկանության պետի պաշտոնները, 2008-2018 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար:
Հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ` նա հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող Արշակ Հակոբյանին՝ հանձնարարելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ:
Նշված հանձնարարության հիման վրա՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Արշակ Հակոբյանը Վլադիմիր Գասպարյանի կողմից հատկացված 71 մլն 556 հազար դրամով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2014 թվականի հունվարի 10-ին հատկացված 80 մլն 200 հազար դրամով նույն ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենա՝ դրանք հաշվառելով իր անվամբ:
Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ վերոհիշյալ երկու անձիք թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ «լվանալով» հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:
Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ:
Հիշեցնենք` ՔԿ–ն 2021 թ.-ի նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել է։ Ավելի ուշ նա գրավով ազատ էր արձակվել։
ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ.–ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ` նրա նկատմամբ կրկին խափանման միջոց էր ընտրվել կալանքը, իսկ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն անբավարար էր ճանաչվել։
Արշակ Հակոբյանին ևս մեկ ամիս կալանքի տակ պահելու որոշում Հակակոռուպցիոն դատարանը ընդունել էր 2023 թ.–ի հունվարի 18-ին։ Իսկ փետրվարին կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։