Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան 120 ահաբեկչի չի հանձնել Թուրքիային

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Ստոկհոլմը «թևերը փռել է» ահաբեկիչների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Շվեդիան հրաժարվել է 120 ահաբեկչի հանձնել Թուրքիային։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի խորհրդարանն այսօր սկսել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման գործընթացը:
«Մենք հատուկ վերաբերմունք չունենք Շվեդիայի նկատմամբ, սակայն Ստոկհոլմը թևերը փռել է ահաբեկիչների վրա։ Ստոկհոլմի փողոցներում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել․ խմբ.) և այլք ցույցեր են անցկացնում։ Մենք Շվեդիային տվեցինք մոտ 120 ահաբեկիչների ցուցակ և ասացինք՝ հանձնեք նրանց։ Շվեդիայի վարչապետը լավ մարդ է, բայց ահաբեկիչներին մեզ չհանձնեցին», - հայտարարել է Էրդողանը՝ հիմնավորելով Հելսինկիի հայտի առանձին քննարկումը։
Շվեդիայում հուսով են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ պայմանավորվածության կհասնեն ամռանը
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։
Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ անդամակցությունը ՆԱՏՕ–ի բոլոր մասնակից երկրների ընդհանուր շահերից է բխում և հյուսիսային երկու երկրներն էլ մտադիր են միայն միասին միանալ դաշինքին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դանդաղեց այս տարեսկզբին Ստոկհոլմում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք բարդացրին Թուրքիայի հետ հարաբերությունները։
«Հե՜յ, Շվեդիա՛, մի՛ փորձիր». Էրդողանը դեմ չէ, որ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ–ին