ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Հնդկաստանում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Էլիդա Քոչարյանը մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ:
Մեկնարկային վայրկյաններից սկսած մեր մարզուհին ակտիվորեն գրոհել է և շատ չանցած նոկդաունի է ենթարկել մրցակցին:
2-րդ ռաունդում մրցավարը կրկին նոկդաուն արձանագրեց:
Էլիդան վստահ ելույթ ունեցավ նաև 3-րդ ռաունդում և վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Իսկ Հայաստանը 54 կգ քաշային կարգում ներկայացնող Եկատերինա Սիչևան մեկնարկային մենամարտում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը մեկնարկել է մարտի 16-ին։
Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ ), Էլիդա Քոչարյանը (60 կգ ), Սոնա Հարությունյանը (63 կգ), Եկատերինա Սիչևան (54) և Անի Հովսեփյանը (70 կգ): Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի առաջնությունում հանդես կգան Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ:
Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար: Հաղթողը կստանա 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 16-26-ը: