ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Թուրքմենստանի Խալկ Մասլախաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ, երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքմենստանի լրատվամիջոցներին։
Թուրքմենստանի նախկին ղեկավարն այս նախաձեռնությամբ հանդես է եկել Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։
Հանդիպման ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ արդեն 22 տարի մոտիկից ծանոթ է Էրդողանին, որը համաշխարհային մակարդակի ականավոր անձնավորություն է և քաղաքական գործիչ:
Հանդիպման ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ արդեն 22 տարի մոտիկից ծանոթ է Էրդողանին, որը համաշխարհային մակարդակի ականավոր անձնավորություն է և քաղաքական գործիչ:
Նրա կարծիքով` Թուրքիայի նախագահը մեծ աշխատանք է տանում ոչ միայն իր ժողովրդի, այլև բոլոր մահմեդական ժողովուրդների խաղաղ կյանքն ապահովելու համար։
«Դրանից ելնելով` առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության նախագահին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, և մենք լիովին աջակցում ենք բոլոր համապատասխան առաջարկներին։ Նա միջազգային այդ մրցանակին արժանի ղեկավար է»,-ասել է Թուրքմենստանի նախկին նախագահը։
Ավելի վաղ Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչները նույնպես կողմ էին արտահայտվել Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելուն։
Խաղաղության Նոբելյան մրցանակը (շվեդ.` Nobels fredspris) հեղինակավոր մրցանակ է, որն ամեն տարի Նոբելյան հիմնադրամը շնորհում է Խաղաղության ամրապնդման ոլորտում ձեռքբերումների համար։ Այն Նոբելյան հինգ մրցանակներից մեկն է, որոնք հիմնադրել է Ալֆրեդ Նոբելը 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գրված իր կտակում։