«Ագռավի բույնը» Թուրքիայի հետ սահմանին. ինչ տեսք ունի Մարգարայի նախկին մաքսատունը

Արդեն քանի տասնամյակ է՝ այս շենքը դատարկ է։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարա գյուղում լքված մաքսատան շենք, որը կառուցել են 80-ականներին: Հասցրել են ավարտել միայն հիմնական մասնաշենքը, բայց նույնիսկ դա էլ չի ծառայել իր նպատակին։
Sputnik
Դռներն ամուր փակված են, Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե որտեղ են կողպեքների բանալիները։ Փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Օգնության հասավ «ֆայմը»․ ներս սողոսկեցինք մասամբ կոտրված պատուհաններից մեկով: Դրա շնորհիվ դուք կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունի շենքը ներսից։ Այստեղ վաղուց մարդու ոտք չի դիպել, անտեր մնացած տարածքը «սեփականաշնորհել» են ագռավներն ու գյուրզաները։
Վերջիններս, բարեբախտաբար, դեռ ձմեռվա քնից դուրս չեն եկել, ուստի մեր «ներխուժումը» տհաճ հանդիպումով չավարտվեց։ Մարգարայի բնակիչների խոսքով` ամռանը օձերը վխտում են տարածքում, նույնիսկ գյուղ են մտնում։
Ինչ վերաբերում է Արաքսի վրայով անցնող նեղ կամրջին, որը Թուրքիան կապում է Հայաստանին, ապա դրա օգտագործման «ակտիվության պիկը» 2023-ին գրանցվեց։ Այդ կամրջով Հայաստանը մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկեց փետրվարյան երկրաշարժից տուժած Թուրքիային։
Նույն ճանապարհով էլ վերադարձան հայ փրկարարները, որոնք Թուրքիա էին գնացել, որպեսզի օգնեն հաղթահարել երկրաշարժի հետևանքները։
Բեռնատարների անցնելուց առաջ կամրջի ամրությունը ստուգելու համար փորձանմուշներ էին վերցրել։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ի-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ կամուրջը շահագործման ենթակա է։
Ներկայիս կամուրջը կառուցվել է 1960-ականներին (նախորդը Թուրքիան քանդել էր 1945թ.-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԽՍՀՄ-ի հնարավոր հարձակումից խուսափելու համար), երկարությունը հարյուր հիսուն մետրից մի փոքր ավելի է։ Խորհրդային տարիներին բուն գյուղ մուտք գործելը թույլատրվում էր միայն անցաթղթերով, իսկ կամուրջն օգտագործվում էր միայն սահմանապահների բանակցությունների, սահմանախախտների փոխանակման համար։
Հայաստանի անկախացումից և Թուրքիայի կողմից սահմանը փակելուց հետո (1993թ.-ին) կամուրջը մի քանի անգամ է օգտագործվել՝ երբ Սիրիան հացահատիկի տեսքով մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան, և երբ հայկական պատվիրակությունը մեկնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու։
1 / 20

Նախկին մաքսատան հիմնական մասնաշենքը

2 / 20

Մաքսատան մյուս շինությունների կառուցումը կիսատ է մնացել

3 / 20

Այս բազմաբնակարան շենքը, որի շինարարությունը կիսատ է մնացել, նախատեսված էր մաքսատան աշխատակիցների համար

4 / 20

Շենքի ճակատային մասը

5 / 20

«Մաքսատան» դռները փակ են, իսկ պատուհանները միայն մի քանի տեղում են կոտրված

6 / 20

«Մաքսատան» նկուղային տարածքը

7 / 20

«Աշխատասենյակներից» մեկը

8 / 20

Պատուհանների մեծ մասը հատակից մինչև առաստաղ են ձգվում

9 / 20

Զուգարանը

10 / 20

Հիմնական սրահը` աշխատասենյակներով

11 / 20

Ագռավները հիանալի տեղավորվել են այստեղ

12 / 20

Առաջին հարկի մուտքը

13 / 20

Շինությունը չորս մուտք ունի. երկու հիմնական հարկերից յուրաքանչյուրում՝ երկուական

14 / 20

Դիտափոս

15 / 20

Մարգարայի կամուրջը` «մաքսատան» պատուհանից

16 / 20

Երկրի անունով և Թուրքիայի քարտեզի ֆոնին Աթաթուրքի պատկերով վահանակներ

17 / 20

Մարգարայի կամրջի թուրքական կողմը սկսվում է այնտեղ, որտեղ ճաղաշարը սպիտակ է ներկված

18 / 20

Կամուրջն օգտագործելուց առաջ փորձանմուշներ էին վերցրել. այն կարող է շահագործվել

19 / 20

Դարպասները բացվել էին մարդասիրական օգնության անցման համար, հիմա դրանք փակ են

20 / 20

1. Կամրջի երկարությունը մոտ 170 մետր է

Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի բացառիկ կադրերը կարող եք տեսնել մեր ֆոտոշարքում։