ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սիսիան-Իշխանասար ճանապարհի վթարը, որի հետևանքով 4 զինծառայող է տուժել, տեղի է ունեցել մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողներրը վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած «Մերսեդես CLK 320» մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով»,–մանրամասնել է ՔԿ մամուլի քարտուղարը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող։ Զինծառայողների երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։