Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 մարտի – Sputnik. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին, որը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վաշտի կացարանում 15 զինծառայողներից 8-ի մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից
Ըստ հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Քննությամբ պարզվել է, որ նույն զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային այլ զինծառայող՝ Հ․Ա․-ն, Արտուշ Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել է ինքնասպանության։
Պարտադիր ժամկետային զինծառայող Հ․Ա․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով:
Մարտի 15-ին դատարան ներկայացնելու համար Հ․Ա․-ն ձերբակալվել է։
Միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Հ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Դատարանի՝ մարտի 16-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։