ԵՐԵՎԱՆ,16 մարտի – Sputnik. ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ափսոսում է, որ ընդդիմադիր դաշտը ներկայացնողները շարունակաբար բացակայում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերից։ Նա այս հայտարարությունն արեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետև շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,– նշեց նա։
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հրավեր է ստացել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, և հույս հայնեց, որ նա կընդունի հրավերը՝ ի տարբերություն Մովսես Հակոբյանի (ԶՈւ ԳՇ նախկին պետ), որին նույնպես կրկին հրավեր կուղարկվի։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։